Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Անամոքություն. 27-ից 15 տարի անց

Անամոքություն. 27-ից 15 տարի անց
27.10.2014 | 17:01

15 տարի առաջ` հոկտեմբերի 27-ի առավոտյան, Հայաստանն ապրում էր իր սովորական կյանքով` լեցուն խնդիրներով, խնդիրները լուծելու վերաբերյալ հասարակական-քաղաքական քննարկումներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին վազգենսարգսյանական հայտարարություններով, որոնք մի քանի ժամ անց մի քանի րոպեում պետք է կտրականապես, արմատապես շրջվեին գլխիվայր:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին գնդակահարվեց վարչապետ Վազգեն Սարգսյանը, նրա հետ միասին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռոբերտ Միրոյանը, տարածքային նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմեն Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը: 8 մարդ դարձավ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ, դաժան ահաբեկության զոհ:
Արդեն 15 տարի Հայաստանի հասարակությունը տարբեր ակտիվությամբ և ինտենսիվությամբ փորձում է պարզել, թե ի վերջո` ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին, ովքեր էին կանգնած 5 ահաբեկիչների խմբի հետևում, ում էր պետք Հայաստանի գլխատումը, երիտասարդ պետության ողնաշարին հասցված այդ հարվածը, պարզապես անմարդկային, վայրենի, դաժան այդ ոճրագործությունը:
Հոկտեմբերի 27-ը զգալիորեն փոխեց Հայաստանի ընթացքը: Ավելորդ է քննարկել, թե ինչ կլիներ, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը. երկիրը կգնա՞ր այն հունով, ինչը պետք էր զարգացման համար, թե՞ կլիներ ավելի վատ: Առավել ևս, որ ի վերջո` մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ն էլ երկիրը հաստատ չէր գնում այն հունով, որը պետք էր: Այնպես որ` իմաստ չունի քննարկել, թե ինչ կլիներ: Պետք է միայն փաստել, որ ողջ կլինեին մարդիկ, և նրանց ընտանիքներում չէր լինի մարդկային, անձնական այն մեծ վիշտը, որ թերևս մինչև այսօր էլ ամոքված չէ զոհերի հարազատների մոտ:
Փոխարենը մենք գիտենք, թե ինչ եղավ 27-ից հետո, և ինչ է շարունակում լինել: Ինչպես կշարժվեր Հայաստանը, եթե չլիներ 27-ը. սա արդեն, մեղմ ասած, չափազանց տեսական հարց է, իսկ պրակտիկ իրականության մեջ Հայաստանը գնաց կլանային, քրեաօլիգարխիկ համակարգի հաստատման և բյուրեղացման, քաղաքական առևտրականների բազմացման, քաղաքականության և բիզնեսի հանցավոր սերտաճումը խորացնելու, ընտրակեղծարարությունը կատարելագործելու, երկիրը, Ղարաբաղի հաղթանակը մսխելու, քաղաքացիական ձայնը լռեցնելու ճանապարհով, իսկ այդ ամենի գագաթնակետն էլ դարձավ 2008 թվականի Մարտի 1-ը, երբ Երևանում հանուն իշխանական համակարգի վերարտադրության գնդակահարվեց տասը մարդ:
Այս ամենը երևակայության, տեսական դատողությունների շարքից չէ, այս ամենը պարզ իրականություն է, որ եղել է հոկտեմբերի 27-ից հետո` փաստելով, որ պետական մակարդակով, ըստ էության, դասեր չեն քաղվել 27-ից: Այլապես չէր լինի այն, ինչ եղավ դրանից հետո, և ինչը, ըստ էության, արդարացրեց ողբերգության պատվիրատուների հաշվարկները, ովքեր էլ և որտեղ էլ որ նրանք լինեն: Նրանց հաշվարկը Հայաստանը որպես պետություն թուլացնելն էր, և նրանց հաշվարկները արդարացրին նրանք, ովքեր ստանձնեցին պետության կառավարումը 27-ից հետո:
Կրկնում ենք. 27-ից առաջ էլ պետության կառավարումը, մեղմ ասած, այն չէր, ինչ պետք էր Հայաստանին մրցունակ, մարտունակ պետություն լինելու համար, սակայն խնդիրն այն է, որ 27-ի դառը դասը Հայաստանին պետք է ստիպեր պարզապես անել հետևություններ և կառուցել որակապես այլ երկիր, որպեսզի այնտեղ այլևս չլինեին արյունահեղություններ և հարցերը նման կերպով լուծելու փորձեր:
Սակայն այդ դասը չքաղվեց, փոխարենը փորձ արվեցին քաղել որոշակի պտուղներ, որոնք, սակայն, առայժմ Հայաստանի, ոչ թե դրանք քաղողների կոկորդին են մնացել: Եվ 15 տարի անց այս իրողությունը 27-ից ստացված պետական ու հասարակական ցավն էլ, ինչպես զոհերի հարազատների, բարեկամների, ընկերների մարդկային ցավը՝ շարունակում է պահել անամոք:
Եվ 27-ի դասը շարունակում է մնալ Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի և իշխանության գլխավոր և, ըստ էության, չլուծված խնդիրներից մեկը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ